«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել MLS-ում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ինտեր Մայամին» արդեն մի քանի ամիս բանակցությունների վերջնական փուլում է բրազիլացու հետ։
34-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել հենց ամերիկյան ակումբ և մտադիր է համաձայնագիրը ստորագրել Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրի «Բրայթոնի» դեմ խաղից հետո։ Այդ հանդիպումը կկայանա մայիսի 24-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին։
Դեռ մարտ ամսին խաղացողը ծրագրում էր մրցաշրջանն ավարտել Անգլիայում, որից հետո, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի ժամկետի լրանալուն պես, ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել ԱՄՆ։ Կազեմիրոն մանչեսթերյան ակումբի կազմում հանդես է գալիս 2022 թվականից, իսկ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Ընթացիկ մրցաշրջանում հենակետային կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև ստացել է 9 դեղին և 1 կարմիր քարտ։ Transfermarkt պորտալը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։ Նախկինում Կազեմիրոն պաշտպանել է նաև Մադրիդի «Ռեալի», պորտուգալական «Պորտուի» և բրազիլական «Սան Պաուլոյի» գույները։




























































