«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտարարել է, որ մտադիր է թիմում պահպանել դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենին։
«Արդյո՞ք ցանկանում եմ, որ Քրիստենսենը մնա: Այո՛, իհարկե, դա է մեր ծրագիրը։ Այսօր նա դաշտ դուրս չի գա մեկնարկային կազմում, սակայն կանցկացնի որոշակի րոպեներ: Մենք այդ մասին մտածում էինք նաև նախորդ խաղում, սակայն ընթացքում փոխեցինք որոշումը։ Երբ հանդիպումը մեկնարկում է, իրադարձությունները միշտ այլ կերպ են զարգանում, քան նախապես պլանավորված էր»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ 30-ամյա դանիացի կենտրոնական պաշտպանը «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2022 թվականից, իսկ նրա գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։ 2025/26 մրցաշրջանում նա «բլաուգրանայի» կազմում հասցրել էր անցկացնել 17 հանդիպում և դառնալ 1 գոլի հեղինակ, մինչև 2026 թվականի ձմռանը լուրջ վնասվածք ստանալը։
Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Բարսելոնան» Լա լիգայի 37-րդ տուրի շրջանակներում կմրցի «Բետիսի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի քիչ անց՝ Երևանի ժամանակով 23։30-ին։



























































