Նոր տեղեկություններ են ի հայտ եկել «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալի՝ վնասվածքից ապաքինման գործընթացի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է The Touchline պարբերականը, Յամալի ապաքինումն ընթանում է սպասվածից ավելի արագ և բարեհաջող։ Ֆուտբոլիստը խստորեն հետևում է սահմանված գրաֆիկին և բաց չի թողնում ոչ մի վերականգնողական պարապմունք։ Մեծ է հավանականությունը, որ նա լիովին պատրաստ կլինի աշխարհի առաջնության մեկնարկին, թեև նախապես ենթադրվում էր, որ երիտասարդ խաղացողը խաղադաշտ կվերադառնա միայն խմբային փուլի երրորդ տուրի հատվածում։
Հիշեցնենք, որ 18-ամյա հարձակվողը վնասվածք էր ստացել ապրիլին՝ «Սելտայի» դեմ կայացած խաղում։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականն ընդգրկված է H խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Կաբո Վերդեի, Սաուդյան Արաբիայի և Ուրուգվայի ազգային թիմերը։
























































