Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է թիմակիցների՝ կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելյեն Չուամենիի միջև տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը նշել է, որ ինքն ականատես չի եղել դեպքին և շատ մանրամասների չի տիրապետում։
«Ես այնտեղ չեմ եղել, ուստի չեմ կարող հաստատել դա: Ես հեռացել էի՝ չիմանալով, թե ինչ է տեղի ունեցել: Ես ունեի նույն տեղեկատվությունը, ինչ դուք»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Managing Madrid պարբերականը:
Հիշեցնենք, որ հինգշաբթի՝ մայիսի 7-ին, հայտնի էր դարձել Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելյեն Չուամենիի միջև կոնֆլիկտի մասին։ Վեճը ծագել էր թիմի մարզման ժամանակ և հետագայում վերածվել իսկական ծեծկռտուքի «Ռեալի» հանդերձարանում:
Միջադեպի արդյունքում ուրուգվայցի ֆուտբոլիստը գլխի պատռվածք էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Մադրիդյան ակումբի ղեկավարությունը խիստ պատիժ է սահմանել՝ երկու խաղացողներին էլ տուգանելով 500 հազարական եվրոյով:


























































