Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի նկատմամբ, հաղորդում է El Mundo-ն:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 57-ամյա ֆրանսիացի մասնագետին մադրիդյան թիմի ղեկը վստահելը «արքայական ակումբի» համար պահեստային ծրագիր է, եթե չհաջողվի համաձայնության գալ Լիսաբոնի «Բենֆիկան» գլխավորող Ժոզե Մոուրինյուի հետ: Նշվում է, որ պորտուգալացի մասնագետի հետ բանակցություններն արդեն մեկնարկել են:
Հիշեցնենք, որ Ալվարո Արբելոայի գլխավորությամբ «Ռեալը» Լա Լիգայի ավարտից 4 տուր առաջ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ 11 միավորով զիջելով առաջատար «Բարսելոնային»: Մինչև մրցաշրջանի ավարտը մադրիդցիներին մնացել է ուժերը չափել «Բարսելոնայի», «Օվիեդոյի», «Սևիլիայի» և Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ:
Ինչ վերաբերում է Դեշամին, ապա նա Ֆրանսիայի հավաքականը մարզում է 2012 թվականից: Ձմռանը հայտնի դարձավ, որ ԱԱ-2026-ից հետո նա կլքի իր պաշտոնը: Նախկինում ֆրանսիացի մասնագետը գլխավորել է նաև «Մարսելը», Թուրինի «Յուվենտուսն» ու «Մոնակոն»:























































