«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դեմ չէ ապագայում ստանձնել Գերմանիայի ազգային հավաքականի ղեկը: Այս մասին տեղեկացնում է իսպանական Diario AS պարբերականը:
Աղբյուրի համաձայն՝ չնայած այս պատրաստակամությանը, գերմանացի մասնագետը չի շտապում վերադառնալ ակտիվ մարզչական գործունեության: Նշվում է, որ Կլոպը խորը հարգանքով է վերաբերվում Բունդեսթիմի գործող գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին և սպասողական դիրք է գրավել:
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ նա մտադրություն չունի աշխատել Մադրիդի «Ռեալում», ուստի ամառային միջմրցաշրջանային հատվածում հաստատապես չի գլխավորի «Արքայական» ակումբը:
Հիշեցնենք, որ այս ամռանը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կմեկնարկի 2026 թվականի աշխարհի առաջնությունը: Գերմանիայի ազգային ընտրանին վիճակահանության արդյունքներով ընդգրկվել է E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Կոտ դ’Իվուարի, Կյուրասաոյի և Էկվադորի հավաքականները:



























































