Ֆրանսիական «Լիոնում» վարձավճարով հանդես եկող հարձակվող Էնդրիկը նոր հնարավորություն կստանա՝ իրեն դրսևորելու Մադրիդի «Ռեալում»։ 19-ամյա բրազիլացին չէր կարողացել ամրապնդվել «սերուցքայինների» հիմնական կազմում, ուստի հունվարին մեկնել էր Ֆրանսիա՝ խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով։
Ինչպես հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «արքայական» ակումբում ծրագրում են նոր մրցաշրջանում Էնդրիկին վերադարձնել թիմ։ Ինքը՝ բրազիլացի ֆուտբոլիստը, նույնպես ցանկություն ունի վերադառնալու Մադրիդ։
Այնուամենայնիվ, շատ բան կախված կլինի նոր գլխավոր մարզչի որոշումից, ում անունն առայժմ հայտնի չէ, կամ էլ Ալվարո Արբելոայից, եթե ակումբի ղեկավարությունը որոշի նրան պահել այդ պաշտոնում։ Նշվում է նաև, որ «Ռեալից» միանգամայն հնարավոր է հեռանա հարձակվող Գոնսալո Գարսիան, եթե գալիք ամռանն Էնդրիկը մնա թիմում։




























































