Մադրիդի «Ռեալի», «Միլանի» և «Ինտերի» նախկին կիսապաշտպան Կլարենս Զեդորֆը խոսել է ՊՍԺ-ի վրացի հարձակողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի խաղի մասին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ կայացած առաջին հանդիպման համատեքստում, որտեղ փարիզյան թիմը հաղթել էր 5-4 հաշվով:
«Ես չգիտեմ՝ արդյոք նա կշարունակի խաղալ ձախ եզրում։ Կարծում եմ՝ նա կարող է ազատ տարածություններ գտնել նաև կենտրոնում՝ ինչպես Դեմբելեն։ Խվիչան հասկանում է, թե ինչ է պետք անել ցանկացած իրավիճակում։
Ինձ դուր է գալիս նրա բնավորությունը. բարդ պահերին նա կարող է թիմին առաջ տանել՝ միաժամանակ անխոնջ աշխատելով նաև պաշտպանությունում։ Նա ինձ քեզ է հիշեցնում (դիմում է տաղավարում գտնվող Ուեյն Ռունիին). խաղի դժվարին դրվագներում նա նահանջում է կիսապաշտպանություն և հավելյալ խաղացողի հաշվին այնտեղ քանակական առավելություն ստեղծում։ Կվարացխելիան այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և էլ ավելի է կատարելագործվելու։ Ինձ հիացնում է նրա ֆուտբոլային ինտելեկտը։ Նա ուղղակի անհավանական է»,- Զեդորֆի խոսքերը մեջբերում է Amazon Prime-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում ՊՍԺ-ի և «Բավարիայի» միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին՝ Մյունխենում։ Այս դիմակայության հաղթողը եզրափակիչում կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի» և Լոնդոնի «Արսենալի» զույգի հաղթողի հետ։




























































