Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն այս ամռանը կհեռանա ակումբից. ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել ամերիկյան «Օռլանդո Սիթիի» հետ։ Ինչպես հայտնում է իսպանական հեղինակավոր Marca պարբերականը, մադրիդյան ակումբի ղեկավարությունն արդեն կողմնորոշվել է նրան փոխարինողի հարցում։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդցիները մտադիր են իրականացնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտի տրանսֆերը: Գերմանացի ֆուտբոլիստն այս ամռանը կհեռանա դորտմունդյան ակումբից՝ ստանալով ազատ գործակալի կարգավիճակ, ինչը թույլ կտա «Ատլետիկոյին» նրա հետ պայմանագիր կնքել անվճար՝ խուսափելով տրանսֆերային լրացուցիչ ծախսերից:
Հիշեցնենք, որ Յուլիան Բրանդտը Դորտմունդի «Բորուսիա» էր տեղափոխվել Լևերկուզենի «Բայերից» 2019 թվականին՝ 25 միլիոն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում նա գերմանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:




























































