Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում հրապարակել է պաշտպան Էդեր Միլիտաոյի և կիսապաշտպան Արդա Գյուլերի վնասվածքների վերաբերյալ բժշկական տեղեկագիրը:
Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածքների պատճառով չէին կարողացել մինչև վերջ մասնակցել Լա Լիգայի 33-րդ տուրում կայացած «Ալավեսի» դեմ խաղին, որում «արքայական ակումբը» կամային հաղթանակ էր տարել 2:1 հաշվով։
Ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ խաղացողները նույնանման խնդիր ունեն.
«Այսօր բուժզննում անցնելուց հետո Էդեր Միլիտաոյի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի ազդրի երկգլուխ մկանի վնասվածք։
Նույնաբնույթ հետազոտությունը Արդա Գյուլերի մոտ բացահայտել է աջ ոտքի ազդրի երկգլուխ մկանի վնասվածք։
Ավելի խորացված հետազոտությունների արդյունքներն ու ապաքինման հստակ ժամկետները կհրապարակվեն ավելի ուշ»։




























































