«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հույս է հայտնել, որ կատալոնական ակումբի հարձակվող Լամին Յամալը խուսափել է լուրջ վնասվածքից:
Չորեքշաբթի Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում կայացած տնային խաղում «Բարսելոնան» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթել է «Սելտային»: Հանդիպման ելքը վճռել է Յամալի դիպուկ իրացրած 11-մետրանոց հարվածը: Սակայն հաղթական գոլից հետո երիտասարդ հարձակվողն իրեն վատ է զգացել և անմիջապես փոխարինվել է:
«Հինգշաբթի պարզ կդառնա, մենք պետք է սպասենք: Ինչ-որ բան կա, բայց հուսով եմ, որ վնասվածքը լուրջ չէ: Ցավալի է, որ դա պատահեց Լամինի հետ, այն դեպքում, երբ մենք արդեն ունենք վնասվածք ստացած խաղացողներ՝ ի դեմս Ռաֆինյայի, Բերնալի և Կրիստենսենի… Մենք պետք է պայքարենք: Մարզիչը պարտավոր է կարողանալ գլուխ հանել նման իրավիճակներից»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում As հեղինակավոր պարբերականը:
Նշենք, որ 18-ամյա Յամալը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» լավագույն ռմբարկուն է: Իսպանիայի առաջնության 28 խաղում հարձակվողը դարձել է արդեն 16 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

























































