Վրաստանի Բաթում քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 23-ը հագեցած մրցումային օր է լինելու Հայաստանի հավաքականի համար: Այսօր մեդալների համար կպայքարեն մեր երեք մարզիկները:
Երևանի ժամանակով 16:00-ին տղամարդկանց մրցաշարում պայքարի մեջ կմտնի Ռաֆիկ Հարությունյանը, ով ուժերը կչափի 88 կգ քաշային կարգում:
Ավելի ուշ՝ ժամը 19:00-ին, հերթը կհասնի կանանց. 77 կգ քաշայինների պայքարում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի ընտրանին արդեն իսկ ունի գրանցած լուրջ հաջողություններ։ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանն ու Գոռ Սահակյանը, իսկ Մարտին Պողոսյանը կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին՝ նվաճելով բրոնզե մեդալ:




























































