«Բարսելոնան» շարունակում է ակտիվորեն ուսումնասիրել հարավամերիկյան ֆուտբոլային շուկան. այս անգամ կատալոնական ակումբի ռադարներում է հայտնվել բրազիլական «Պալմեյրասի» 16-ամյա տաղանդ Էդուարդո Կոնսեյսաոն։
Ինչպես հաղորդում է մարզական լրագրող Խոակիմ Պիերան, «Բարսելոնայի» ղեկավարությունն արդեն հասցրել է կապ հաստատել պատանի բրազիլացու ներկայացուցիչների հետ։ Կոնսեյսաոն աչքի է ընկնում իր բազմակողմանիությամբ. նա կարող է արդյունավետ գործել ինչպես հարձակման եզրերում, այնպես էլ որպես ենթահարձակվող։
Ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգի՝ հեռանկարային ֆուտբոլիստը կկարողանա Եվրոպա տեղափոխվել միայն 2028 թվականի հունվարին՝ իր 18-ամյակը բոլորելուց հետո։ Ներկայումս նա հանդես է գալիս «Պալմեյրասի» երիտասարդական կազմում և գլխավոր թիմում դեռևս նորամուտը չի նշել։
Չնայած երիտասարդ տարիքին՝ խոստումնալից վինգերն արդեն վառ տպավորություն է թողնում միջազգային ասպարեզում։ Բրազիլիայի Մ-17 տարեկանների հավաքականի կազմում նա մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նշենք նաև, որ ծագող աստղի գործող պայմանագրի ժամկետը «Պալմեյրասի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ավարտը։
























































