Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմում կադրային և կառուցվածքային լուրջ փոփոխություններ իրականացնել։
Ինչպես հաղորդում է Sport.es պարբերականը, «արքայական» ակումբի ղեկավարն արդեն կազմել է այն 8 ֆուտբոլիստների ցուցակը, որոնք ամռանը հրաժեշտ կտան թիմին։
Աղբյուրի համաձայն՝ հեռացողների ցուցակը գլխավորում է ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, որը դեռևս նախորդ ամռանն էր ակնարկել ակումբը փոխելու ցանկության մասին: Նախատեսվում է, որ Մադրիդը կլքեն նաև պաշտպաններ Ֆրան Գարսիան, Ռաուլ Ասենսիոն և կիսապաշտպան Դանի Սեբալյոսը: Բացի այդ, մադրիդյան գրանդը չի ծրագրում երկարաձգել վետերան պաշտպաններ Դավիդ Ալաբայի և Դանի Կարվախալի պայմանագրերը, որոնց ժամկետն սպառվում է առաջիկա ամռանը։ Իսկ երիտասարդ հարձակվողներ Ֆրանկո Մաստանտուոնոյին և Գոնսալո Գարսիային ակումբը մտադիր է ուղարկել վարձավճարի՝ անհրաժեշտ խաղային պրակտիկա ստանալու նպատակով։
Առավել ուշագրավ է իրավիճակը թիմի գլխավոր աստղերի շուրջ։ Թեև Sport.es-ը չի բացառում Վինիսիուս Ժունիորի կամ Ջուդ Բելինգեմի հնարավոր վաճառքը, այս տեղեկությունը հակասում է նախկինում շրջանառվող լուրերին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ El Mundo պարբերականը հայտնել էր, որ «Ռեալի» ղեկավարությունը հստակ դիրքորոշում ունի և չի պատրաստվում բաժանվել թիմի հարձակողական եռյակից՝ Կիլիան Մբապեից, Վինիսիուսից և Բելինգեմից։ Այդուհանդերձ, նոր զարգացումները ցույց են տալիս, որ Մադրիդում սպասվում է բավականին թեժ տրանսֆերային ամառ, որը կարող է անակնկալներ մատուցել նաև թիմի առաջատարների մասով։




























































