«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն իր ցավակցությունն է հայտնել նախկին թիմակից Ալեքսանդեր Մանինգերի ողբերգական մահվան կապակցությամբ։
Ավստրիացի նախկին դարպասապահը 48 տարեկան էր։ Մինիվենը, որում գտնվել է Մանինգերը, բախվել է գնացքին և լրջորեն վնասվել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները մարզիկին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն փրկել նրա կյանքը չի հաջողվել։
«Ալեքս, ցանկացած խոսք այստեղ ավելորդ է։ Յուրաքանչյուր արցունք պարզապես ևս մեկ արցունք կլիներ մի ընկերոջ ու մարդու կորստի համար, որով ես միշտ հիացել եմ։
Դու ընտրեցիր ֆուտբոլային աշխարհի ունայնությունից անկախ լինելու ուղին՝ փնտրելով երջանկությունը պարզ բաներում՝ բնության գրկում առողջ ապրելակերպի, ձկնորսության ու ընտանիքի մեջ։ Դա էր քո հավատամքը։ Մի աշխարհում, որը հաճախ լինում է խարդախ ու ստորաքարշ, որտեղ տիրում են ճնշվածությունը, կարիերապաշտությունն ու հեշտ շահույթի մոլուցքը, դու միշտ պաշտպանում էիր քո ազատությունը՝ պահպանելով հպարտ կեցվածքդ, ինչպես վայել է այն մարդուն, ով հստակ գիտի, թե ինչ է ուզում։
Դու բավականաչափ ուժ գտար՝ հեռանալու այդ ամենից և մեզ նայելու քո այդ մռայլ ժպիտով՝ կարծես ասելով․ «Դուք բոլորդ խենթ եք, դուք ինձ երբեք չեք ստանա»։ Հուսով եմ և նույնիսկ համոզված եմ, որ երկնքից դու կշարունակես առաջնորդել քո հրաշք երեխաներին և երիտասարդ կնոջը»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում EuroFoot-ը։
Հիշեցնենք, որ Մանինգերը թուրինյան ակումբում հանդես է եկել 2008-ից 2012 թվականներին՝ թիմի հետ դառնալով Իտալիայի չեմպիոն 2011/12 մրցաշրջանում։




























































