Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան դժգոհություն է հայտնել մրցավարությունից Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղից հետո։
Ուրբաթ օրը կայացած «Ռեալ» — «Ժիրոնա» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1։ Հանդիպման 89-րդ րոպեին գլխավոր մրցավար Խավիեր Ալբերոլա Ռոխասը 11-մետրանոց չնշանակեց «Ժիրոնայի» տուգանային հրապարակում մադրիդցիների հարձակվող Կիլիան Մբապեի վայր ընկնելուց հետո։
«Իմ կարծիքով՝ դա ակնհայտ 11-մետրանոց էր թե՛ երկրի, թե՛ լուսնի վրա։ Սա պարզապես ևս մեկ միջադեպ է, որը կհամալրի ցուցակը… Եվս մեկ շաբաթ՝ ևս մեկ միջադեպ։ Այսպիսին է այն իրականությունը, որի հետ մենք գործ ունենք»,- Արբելոայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Նշենք, որ «Ռեալը» վաստակած 70 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Թիմը 6 միավորով զիջում է առաջատար «Բարսելոնային», որն իր ակտիվում մեկ խաղ պակաս ունի։ «Ժիրոնան» 38 միավորով 12-րդն է։
Հաջորդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Ալավեսի» հետ, իսկ «Ժիրոնան» կընդունի «Բետիսին»։ Հանդիպումները կկայանան ապրիլի 21-ին։



























































