Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) պաշտոնական կայքում հրապարակվել են 2025/26 մրցաշրջանի Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները։
Եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն հետևյալ զույգերը՝ Լոնդոնի «Չելսին» կմրցի «Լիդս Յունայթեդի» հետ, իսկ «Մանչեսթեր Սիթին» ուժերը կչափի «Սաութհեմփթոնի» հետ։ Մրցաշարի այս փուլի հանդիպումները նախատեսված են ապրիլի 25-ին և 26-ին։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» խոշոր՝ 4-0 հաշվով հաղթել էր «Լիվերպուլին», «Չելսին» ջախջախել էր «Պորտ Վեյլին» (7-0), «Սաութհեմփթոնը» պայքարից դուրս էր թողել «Արսենալին» (2-1), իսկ «Լիդս Յունայթեդը» դրամատիկ խաղում հետխաղյա 11 մետրանոցներով առավելության էր հասել «Վեսթ Հեմ Յունայթեդի» նկատմամբ (հիմնական ժամանակն ավարտվել էր 2-2, 11 մետրանոցներով՝ 4-2)։
Նշենք, որ այս մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր ակումբը Լոնդոնի «Արսենալն» է, որի ակտիվում կա 14 գավաթ։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդը» (13 տիտղոս), իսկ լավագույն եռյակը եզրափակում են «Լիվերպուլը», «Տոտենհեմն» ու «Չելսին», որոնք տիրացել են տիտղոսին 8-ական անգամ։




























































