Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլն արդյունավետ ստացվեց Հայաստանի հավաքականի համար: Մեր պատվիրակությունը մրցաշարն ավարտել է երկու մեդալով։
Նժույգ թափեր վարժությունում հաղթողի կոչումը նվաճել է Համլետ Մանուկյանը։ Հայ մարմնամարզիկի ելույթը մրցավարների կողմից գնահատվել է 14.800 միավորով, ինչն ապահովել է առաջին հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակել են Ղազախստանի երկու ներկայացուցիչները:
Օղակների վարժությունում հաջող հանդես է եկել Արթուր Ավետիսյանը: Նա վաստակել է 14.300 միավոր և գրավել երկրորդ տեղը։ Այս մրցաձևում ոսկե մեդալակիր է դարձել Հունաստանի ներկայացուցիչ Էլեֆտերիոս Պետրոունիասը՝ 14.366 միավորով:
Աշխարհի գավաթի խաղարկության այս մրցաշրջանը, որը բաղկացած է վեց փուլից, բավականին բարդ օրացույցով է ընթանում Հայաստանի հավաքականի համար: Մինչև Կահիրեի մրցաշարը թիմը մասնակցել էր միայն Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած առաջին փուլին: Երկրորդ փուլը, որն անցկացվում էր Բաքվում, հավաքականը բաց է թողել: Ինչ վերաբերում է Թուրքիայում կայացած երրորդ փուլին, ապա թիմի մասնակցությունը հնարավոր չի եղել լոգիստիկ խնդիրների պատճառով. Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած բարդությունները թույլ չեն տվել հավաքականին ժամանակին վերադառնալ Դոհայից:
Մարզական օրացույցի համաձայն՝ Աշխարհի գավաթի 5-րդ փուլը կկայանա Խորվաթիայի Օսիեկ քաղաքում: Նախատեսված վերջին՝ 6-րդ փուլը, սակայն, տեղի չի ունենա. Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել չեղարկել Դոհայում (Կատար) կայանալիք մրցաշարը՝ կրկին Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողությունների և անվտանգության նկատառումներից ելնելով:



























































