«Բարսելոնան» բանակցություններ է սկսել Միլանի «Ինտերի» հետ՝ կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի տրանսֆերի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է FCInter1908-ը՝ հղում անելով Sport Mediaset-ին, միլանյան ակումբի ղեկավարությունն արդեն ստացել է կատալոնացիների առաջին պաշտոնական առաջարկը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» որպես մեկնարկային գին առաջարկել են 45 միլիոն եվրո։
Այս գումարը, սակայն, անընդունելի է եղել «ներաձուրիների» համար։ Իտալական ակումբը մտադիր է պաշտպանի տրանսֆերի դիմաց ստանալ առնվազն 60 միլիոն եվրո։ Ակնկալվում է, որ կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն։
Հատկանշական է, որ, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ինքը՝ ֆուտբոլիստը, արդեն իսկ տվել է Իսպանիա տեղափոխվելու իր համաձայնությունը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Բաստոնին «Ինտերի» կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:


























































