Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի ծրագրերին և հնարավոր գնումներին։
Ակումբի ղեկավարը շեշտել է, որ կտրուկ և չհիմնավորված փոփոխություններ չեն նախատեսվում, իսկ թիմի տրանսֆերային քաղաքականությունը լինելու է խիստ նպատակային։
««Բարսելոնային» հարկավոր չէ ֆուտբոլիստներ գնել զուտ գնելու համար: Մենք պետք է պայմանագիր կնքենք միայն այն խաղացողների հետ, ովքեր իսկապես անհրաժեշտ են թիմին և կարող են օգուտ տալ: Մեր գլխավոր առաջնահերթությունը ներկայիս կազմը պահպանելն ու էլ ավելի ուժեղացնելն է, այլ ոչ թե անընդհատ կադրային փոփոխությունների դիմելը»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշենք, որ Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում կատալոնական ակումբը վաստակել է 73 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:


























































