Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես հաղորդում է իսպանական Diario AS պարբերականը, 29-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է հեռանալ «արքայական» ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո և նախընտրում է վերադառնալ իր հարազատ ակումբ՝ «Բետիս»։ Սակայն տրանսֆերի իրականացման ճանապարհին լուրջ խոչընդոտ կարող է դառնալ մադրիդցիների սահմանած գինը. «սերուցքայիններն» իրենց կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց պահանջում են 15 միլիոն եվրո՝ չնայած այն հանգամանքին, որ նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է արդեն հաջորդ տարի։
Հատկանշական է, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը Սեբալյոսի տրանսֆերային արժեքը գնահատում է գրեթե կրկնակի պակաս՝ 8 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։ Ավելին, վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել փետրվարից ի վեր։




























































