ԱԱ-2026-ի որակավորման փուլի վճռորոշ խաղից առաջ Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի նախապատրաստական ճամբարում անսովոր միջադեպ է գրանցվել։
Sportsport.ba պարբերականի հաղորդմամբ՝ EUFOR առաքելության իտալացի զինծառայողը նկատվել է բալկանյան թիմի մարզումը գաղտնի տեսանկարահանելիս։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ զինվորականը մոտեցել է ցանկապատին և սկսել բջջային հեռախոսով ֆիքսել մարզումային գործընթացը, սակայն շուտով նրան նկատել և անմիջապես կանգնեցրել են։
Միջադեպից հետո Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական բողոք է ներկայացրել EUFOR առաքելության ղեկավարությանը։
Հատկանշական է, որ այսօր՝ մարտի 31-ին, Բոսնիա և Հերցեգովինայի ու Իտալիայի ազգային հավաքականները պետք է մրցեն ԱԱ-2026-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի եզրափակիչում՝ վիճարկելով աշխարհի առաջնության ուղեգիրը։
Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում Իտալիայի ընտրանին 2-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ, իսկ Բոսնիա և Հերցեգովինան դրամատիկ պայքարում հաղթահարել էր Ուելսի արգելքը (հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում բոսնիացիներն ավելի դիպուկ էին գտնվել 4-2 հաշվով)։
























































