Վերջերս հայտնի դարձավ, որ Մոհամեդ Սալահը 2025/26 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա անգլիական «Լիվերպուլից»։ Սպասվում է, որ ամռանը եգիպտոսցի հարձակվողը կարող է տեղափոխվել Իտալիա:
Ինչպես հայտնում է հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը, Սալահը դիտարկում է «Ռոմա» վերադառնալու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, գործարքի իրականացումը բարդ կլինի ֆինանսական պատճառներով։ Ներկայումս հարձակվողի տարեկան «մաքուր» աշխատավարձը կազմում է 12 միլիոն եվրո, մինչդեռ հռոմեական ակումբում աշխատավարձի առավելագույն շեմը սահմանված է 4 միլիոն եվրո։ Չնայած այս հանգամանքին՝ աղբյուրը նշում է, որ Սալահը կարող է միանալ մայրաքաղաքային թիմին մեկ մրցաշրջանով։
Հավելենք, որ այս տարվա հունիսին Մոհամեդ Սալահը կնշի իր 34-ամյակը։ Նա կհեռանա «Լիվերպուլից» ակումբում ինը մրցաշրջան անցկացնելուց հետո։
Հիշեցնենք նաև, որ 2015-2017 թվականներին Սալահն արդեն հանդես է եկել «Ռոմայի» կազմում՝ անցկացնելով 83 հանդիպում, որոնցում դարձել է 34 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ:




























































