Մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ժամը 18։00-ին, կկայանա Հայաստան — Բելառուս ընկերական հանդիպումը։ Խաղին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանել է Բելառուսի ազգային հավաքականի հարձակվող Կարեն Վարդանյանը։
22-ամյա ֆուտբոլիստը, որը հոր կողմից հայկական արմատներ ունի և նախկինում դիտարկվում էր նաև Հայաստանի հավաքականին միանալու հավանականության տեսանկյունից, բացատրել է Բելառուսի դրոշի ներքո հանդես գալու իր որոշումը։ Մինսկի «Դինամոյի» հարձակվողը նշել է, որ առաջին անգամ է գտնվում իր ընտանիքի պատմական հայրենիքում և հասցրել է հավանել Երևանը։
«Ես հասկանում եմ, որ տեղացի երկրպագուները գուցե միանշանակ չընդունեն իմ այս ընտրությունը։ Թեև ես շատ եմ սիրում ու հարգում հայկական ավանդույթներն ու իմ արմատները, այնուամենայնիվ, ես ծնվել եմ Բելառուսում, իմ մտածելակերպը բելառուսական է, և ես ինձ բելառուս եմ համարում»,- անկեղծացել է Վարդանյանը։
Խոսելով ազգային հավաքականում իր առաջին քայլերի մասին՝ երիտասարդ հարձակվողը խոստովանել է, որ որոշակի լարվածություն կար, սակայն ինքն անչափ երջանիկ է իր նորամուտի համար։ Հիշեցնենք, որ Վարդանյանը Բելառուսի գլխավոր թիմի մարզաշապիկով առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել օրեր առաջ՝ մարտի 26-ին, երբ թիմն ընկերական խաղում 1։0 հաշվով հաղթանակ տարավ Կիպրոսի նկատմամբ։ Հատկանշական է, որ այդ հանդիպումը առաջինն էր նաև գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոյի համար։




























































