Կայացել է կանանց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա» առաջին հանդիպումը։ Կատալոնական ակումբը արտագնա խաղում տպավորիչ հաղթանակ է տարել 6:2 հաշվով։
Հանդիպումը կայացել է Մադրիդի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում, իսկ գլխավոր մրցավարն իտալացի Մարիա Սոլե Ֆերերի Կապուտին էր։
Գոլառատ խաղում հաշիվը 6-րդ րոպեին բացել է Էվա Պայորը, իսկ 13-րդ րոպեին Էսմե Բրուգտսը կրկնապատկել է հյուրերի առավելությունը։ 30-րդ րոպեին Լինդա Կայսեդոն կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն ընդամենը երկու րոպե անց (32′) Իրեն Պարեդեսը խփել է կապտանռնագույնների երրորդ գնդակը:
Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» շարունակել է գերիշխել. 57-րդ րոպեին Պայորը դուբլ է ձևակերպել, իսկ 64-ին աչքի է ընկել Վիկտորիա Լոպեսը։ 66-րդ րոպեին Կայսեդոն ևս դարձել է դուբլի հեղինակ՝ խփելով մադրիդցիների երկրորդ և վերջին գնդակը: Հանդիպման վերջակետը 89-րդ րոպեին դրել է Ալեքսիա Պուտելյասը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին։
Մրցաշարի եզրափակիչը նախատեսված է մայիսի 23-ին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում։



























































