Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր առողջական վիճակի և 2026 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ սպասվող խիտ խաղացանկի մասին։
Ավելի վաղ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր ձախ ծնկի կապանների գերձգվածություն, սակայն նա արդեն պատրաստ է Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել Բրազիլիայի (մարտի 26) և Կոլումբիայի (մարտի 29) դեմ կայանալիք ընկերական հանդիպումներին։
RMC Sport-ի փոխանցմամբ՝ Մբապեն հերքել է իր վնասվածքի շուրջ պտտվող ասեկոսեները՝ նշելով.
«Ծնկիս հետ ամեն ինչ լավ է։ Գիտեմ, որ այս թեմայով շատ շահարկումներ եղան, բայց դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Ամենակարևորն այն է, որ ես ապաքինվել եմ 100%-ով։ Փարիզում ճիշտ ախտորոշում ստանալու շնորհիվ մենք գտանք լավագույն լուծումը՝ մարզավիճակս վերականգնելու և մրցաշրջանի վերջնամասին ու Աշխարհի առաջնությանը գերազանց ֆորմայում մոտենալու համար»։
Անդրադառնալով խիտ խաղացանկին՝ ֆրանսիացին ընդգծել է, որ հանգստանալու մտադրություն չունի և ցանկանում է մասնակցել «Ռեալի» բոլոր հանդիպումներին։ Ըստ AS պարբերականի՝ հարձակվողը հիշեցրել է նախորդ երկու աշխարհի առաջնություններում իր գրանցած հաջողությունների մասին (մեկ չեմպիոնություն և մեկ եզրափակիչ)՝ շեշտելով, որ դրանց պատրաստվել է ճիշտ նույն կերպ։
«Նախորդ երկու աշխարհի առաջնություններին ես պատրաստվել եմ լավագույն կերպով՝ խաղալով իմ ակումբի բոլոր հանդիպումներում, գոլեր խփելով և պայքարելով մինչև վերջին րոպեն։ «Ավելի լավ է գնամ տուն և հանգստանամ» միտքն ինձ համար անհեթեթություն է։ Ես չեմ պատրաստվում փոխել իմ մոտեցումը. այս տարի ևս անելու եմ նույնը, որպեսզի մրցաշարին մոտենամ լավագույն մարզավիճակում։ Ես ցանկանում եմ կրկին հաղթել»,- հավելել է Մբապեն։



























































