Մադրիդի «Ռեալն» ակտիվորեն աշխատում է բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ համաձայնագիրը երկարաձգելու ուղղությամբ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբի ղեկավարությունը շատ գոհ է ֆուտբոլիստի ելույթներից, իսկ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է շահագրգռված, որպեսզի բրազիլացին երկարաձգի պայմանագիրը։ Այժմ ամեն ինչ կախված է անձամբ Վինիսիուսի որոշումից. կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։
Նշենք, որ Վինիսիուսը «Ռեալի» գույները պաշտպանում է 2018 թվականի ամառվանից։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 12 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո։



























































