Մադրիդի «Ատլետիկոյի» աստղային հարձակվող Անտուան Գրիզմանը կարիերան կշարունակի MLS-ը ներկայացնող «Օռլանդո Սիթիում»։ Կողմերն արդեն բանավոր համաձայնության են հասել տրանսֆերի շուրջ:
Ինչպես հայտնում է իսպանական Marca պարբերականը, ֆրանսիացի ֆուտբոլիստը կօգտագործի Լա լիգայում «Ռեալի» դեմ կայացած խաղից (2-3) հետո տրամադրված հանգստյան օրերը՝ ԱՄՆ մեկնելու համար։ Սպասվում է, որ մոտակա ժամերին Գրիզմանը կժամանի Օռլանդո՝ պայմանագիրը ստորագրելու և գործարքի վերջնական դետալները համաձայնեցնելու նպատակով։ Նշվում է, որ այս ուղևորությունը նախապես համաձայնեցված է եղել «Ատլետիկոյի» ղեկավարության հետ։
Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ ամերիկյան ակումբն ի սկզբանե ցանկանում էր ձևակերպել տրանսֆերը դեռևս մարտին, սակայն որոշում կայացվեց հարձակվողին թողնել Մադրիդում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որպեսզի նա կարողանա օգնել թիմին։
Ըստ ESPN-ի աղբյուրների՝ Գրիզմանի նոր պայմանագիրն «Օռլանդո Սիթիի» հետ նախատեսված կլինի 2 տարով՝ ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ֆրանսիացին մադրիդյան թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով, իսկ նրա ամերիկյան պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հուլիսից:
Մինչև տեղափոխությունը Գրիզմանը վճռական է տրամադրված հաջողությամբ ավարտել մրցաշրջանն «Ատլետիկոյի» հետ՝ նպատակ ունենալով նվաճել Իսպանիայի գավաթն ու հաղթել Չեմպիոնների լիգայում:
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբի մարզաշապիկով անցկացրած 488 հանդիպումներում ֆրանսիացի հարձակվողն ընդհանուր առմամբ դարձել է 211 գոլի և 97 գոլային փոխանցման հեղինակ։


























































