«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի ազգային հավաքականի աստղային հարձակվող Էռլինգ Հալանդը ոչ միայն աչքի է ընկնում ֆուտբոլային դաշտում, այլև ակտիվորեն հետաքրքրվում է ինտելեկտուալ սպորտով: Այժմ շախմատը երիտասարդ գոլահարի համար ոչ միայն կիրք է, այլև՝ բիզնես նախագիծ:
Ինչպես հաղորդում է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը, երեկ Հալանդը դարձել է Chess Mates շախմատային համայնքի բաժնետեր: Այս կառույցը հանդիսանում է Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական մարմինը։
«Սա անհավանական խաղ է: Ինձ համար շախմատն ընդհանուր նմանություններ ունի ֆուտբոլի հետ. այստեղ նույնպես պահանջվում է արագ որոշումներ կայացնել, վստահել սեփական բնազդներին և քայլերը պլանավորել նախապես»,- պարբերականը մեջբերում է Հոլանդի խոսքերը:
Հատկանշական է, որ ֆուտբոլիստի սերը շախմատի նկատմամբ վերջերս արտահայտվել էր նաև նրա առօրյա ոճում։ Օրերս, երբ «Մանչեսթեր Սիթին» ժամանել էր Լոնդոն՝ մասնակցելու «Վեսթ Հեմի» դեմ արտագնա հանդիպմանը, ֆոտոխցիկները ֆիքսել էին Հալանդին Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայի տարբերանշանով գլխարկով։




























































