Կայացան Եվրոպա լիգայի 2025/2026 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի երկու պատասխան հանդիպումներ, որոնց արդյունքում իսպանական «Սելտան» և գերմանական «Ֆրայբուրգը» նվաճեցին քառորդ եզրափակիչի ուղեգիր։
Ֆրանսիական «Լիոնը» սեփական հարկում ընդունեց իսպանական «Սելտային»։ Խաղն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 2:0 հաշվով։ Հանդիպման հաշիվը 61-րդ րոպեին բացեց «Սելտայի» պաշտպան Խավի Ռուեդան, իսկ հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին հարձակվող Ֆերան Ժուտգլան կրկնապատկեց այն՝ ձևակերպելով վերջնական արդյունքը։
Նշենք, որ իսպանական թիմը հանդիպման մեծ մասն անցկացրեց թվային առավելությամբ. արդեն 19-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվեց «Լիոնի» պաշտպան Մուսա Նիակատեն։ Քանի որ առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը, ընդհանուր 3:1 հաշվով հաջորդ փուլ դուրս եկավ «Սելտան»։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղում գերմանական «Ֆրայբուրգը» տնային «Եվրոպա-Պարկ» մարզադաշտում ուժերը չափեց բելգիական «Գենկի» հետ։ Չնայած առաջին խաղում կրած նվազագույն հաշվով պարտությանը, գերմանական ակումբը կարողացավ տանը կամային և ջախջախիչ հաղթանակ տանել 5:1 հաշվով։
Դաշտի տերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Մաթիաս Գինտերը (19-րդ րոպե), Իգոր Մատանովիչը (25-րդ րոպե), Վինչենցո Գրիֆոն (53-րդ րոպե), Յուիտո Սուզուկին (57-րդ րոպե) և Մաքսիմիլիան Էգեշտայնը (79-րդ րոպե)։ Հյուրերի միակ գնդակը 39-րդ րոպեին հեղինակեց պաշտպան Մատե Սմետսը։ Այսպիսով, երկու խաղերի արդյունքում հաղթելով 5:2 հաշվով՝ «Ֆրայբուրգը» շարունակում է պայքարը մրցաշարում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա 2026 թվականի մայիսի 20-ին՝ Ստամբուլի «Բեշիքթաշ» մարզադաշտում։




























































