Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի նախավարժանքի ժամանակ, հայտնում է COPE-ը։
Երեքշաբթի օրը «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 2:1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»: Կուրտուան անցկացրել է խաղի առաջին կեսը, իսկ ընդմիջմանը նրան փոխարինել է Անդրեյ Լունինը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա բելգիացի դարպասապահը նախախաղային վարժանքի ժամանակ վնասել է աջ ազդրի մկանը և խաղադաշտ է դուրս եկել արդեն վնասվածքով։
Առաջիկայում Կուրտուան բուժզննում կանցնի. մեծ է հավանականությունը, որ նա բաց կթողնի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք սկզբունքային դերբին: Հանդիպումը կկայանա մարտի 22-ին՝ Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակներում, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։
Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կուրտուան առանց փոխարինման մասնակցել է բոլոր 28 հանդիպումներին՝ բաց թողնելով 24 գնդակ։
Ներկա պահին «Ռեալը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը (66 միավոր)՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 4 միավորով: «Ատլետիկոն» 57 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
























































