Ամենայն հավանականությամբ, առաջիկա ամռանը «Մանչեսթեր Սիթիին» մասշտաբային փոփոխություններ են սպասվում։ Ինչպես հաղորդում է El Nacional-ը, խիստ անհավանական է, որ Պեպ Գվարդիոլան կշարունակի զբաղեցնել անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ըստ աղբյուրի՝ իսպանացի անվանի մասնագետը վերջնական որոշում է կայացրել հեռանալու վերաբերյալ։ Գվարդիոլան կարծում է, որ իր ժամանակն ակումբում մոտեցել է տրամաբանական ավարտին, իսկ ներկայիս նախագիծն արդեն սպառել է իրեն։ Սպասվում է, որ հեռանալուց հետո նա կամ դադար կվերցնի, կամ կգլխավորի որևէ ազգային հավաքական։
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» մարզչական ղեկին Գվարդիոլային կարող է փոխարինել Էնցո Մարեսկան, որը նախկինում ընդգրկված է եղել Պեպի մարզչական շտաբում։
Բացի այդ, իսպանական պարբերականի նյութում ասվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «քաղաքայինների» շարքերը պետք է լքեն թիմի երկու առանցքային կիսապաշտպաններ՝ Ռոդրին և Բերնարդու Սիլվան։
Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան գլխավորում է մանչեսթերյան ակումբը 2016 թվականից և այդ ընթացքում թիմի հետ նվաճել է հնարավոր բոլոր ակումբային տիտղոսները։

























































