«Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին հայտնվել է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակների ցանկում։
TEAMtalk-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Դեկուն և գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը իտալացու ձեռքբերումը համարում են պաշտպանության ուժեղացման առաջնահերթություն։ Նշվում է, որ կապտանռնագույններն այս պահին ֆավորիտ են խաղացողի համար մղվող պայքարում՝ շրջանցելով անգամ «Լիվերպուլին»:
Կատալոնական ակումբի լավատեսությունը պայմանավորված է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ արդեն իսկ կայացած դրական նախնական բանակցություններով։ Այդ հանդիպումներից հետո «Բարսելոնայում» հավատում են, որ գործարքը հնարավոր է իրագործել:
Այնուամենայնիվ, տրանսֆերի ճանապարհին միակ ու գլխավոր խոչընդոտը ֆինանսական հարցն է: Միլանյան ակումբն իր առանցքային պաշտպանին գնահատում է առնվազն 80 միլիոն եվրո, իսկ բանակցությունների ընթացքում իտալական կողմի պահանջները կարող են աճել՝ հասնելով մինչև 100 միլիոն եվրոյի։ Հաշվի առնելով կատալոնական ակումբի ներկայիս ֆինանսական սահմանափակումները՝ նման հսկայական գումար վճարելը բավականին բարդ կլինի, և ղեկավարությունը պետք է լրացուցիչ լուծումներ գտնի գործարքը ֆինանսավորելու համար:
Ընթացիկ մրցաշրջանում Բաստոնին բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt հեղինակավոր պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։


























































