Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան Չեմպիոնների լիգայի շրջանակում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք տնային հանդիպումից առաջ կիսվել է իր սպասումներով։
Իսպանացի մասնագետն անդրադարձել է Պեպ Գվարդիոլայի հետ մարտավարական դիմակայությանը, թիմի կադրային խնդիրներին, ակադեմիայի ֆուտբոլիստների դերին և նույնիսկ մեկնաբանել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի վերջին հայտարարությունները։
«Սա շատ սպասված և հուզիչ հանդիպում է երկրպագուների համար։ Մենք «Ռեալն» ենք և երբեք մեզ ոչ մեկից թույլ չենք համարում, անկախ հանգամանքներից ու մրցակցից։ «Սիթին» հիանալի թիմ է՝ հրաշալի մարզչով։ Գվարդիոլայի դեմ խաղերում պետք է միշտ պատրաստ լինել անակնկալների. նա հաստատ որևէ նոր բան է մտածել։ Որպես մարզիչ՝ աշխարհի լավագույնների դեմ մրցելն ինձ համար մեծ մոտիվացիա է։
Մբապեն իրեն շատ ավելի լավ է զգում, ապաքինման գործընթացը դրական է ընթանում, և նրան շուտով սպասում ենք շարքում։ Մինչ այդ Վինիսիուսն իր վրա մեծ պատասխանատվություն է վերցրել և այժմ մեր հարձակման առանցքն է։ «Սիթիին» դուրս թողնելու համար մեզ նրա լավագույն խաղն է պետք։
Ակադեմիայի տղաներն ապացուցեցին, որ վախ չունեն։ Հեշտ չէ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին փոխարինել երիտասարդներով, բայց ես վստահում եմ նրանց տաղանդին։ Նրանք պատրաստ են վաղվա պես հանդիպումներին։
Ժամանակին թեկնածու Լապորտան քառապատկել էր Նեգրեյրային տրվող վճարումները, այնպես որ այստեղ ավելացնելու շատ բան չկա»,- նշել է Արբելոան։























































