Թուրինի «Յուվենտուսի» և իտալական ֆուտբոլի լեգենդար նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է իր կարծիքով այն մասին, թե ում է համարում ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահը։
«Երախտապարտ եմ այն մարդկանց, որոնք ինձ համարում են բոլոր ժամանակների լավագույն դարպասապահ, սակայն դա այդպես չէ: Կարծում եմ՝ լավագույնն իսպանացի Իկեր Կասիլյասն է։ Նա հանդես է եկել Եվրոպայի մեծագույն ակումբում՝ Մադրիդի «Ռեալում», և նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները ինչպես ակումբային մակարդակում, այնպես էլ ազգային հավաքականի կազմում։ Նրա նվաճումներն ինքնին խոսուն են. նա իսկական առաջնորդ է»,- նշել է Բուֆոնը:
Անդրադառնալով սեփական վարկանիշին և մյուս գործընկերներին՝ աշխարհի նախկին չեմպիոնը հավելել է.
«Ես ֆուտբոլում չեմ հաղթել ամեն ինչ, ուստի գտնում եմ, որ պետք է լինեմ 3-րդը կամ 4-րդը: Իմ կարծիքով՝ 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Մանուել Նոյերը. նա նույնպես հաղթել է բոլոր հնարավոր մրցաշարերում ակումբային մակարդակում և դարձել աշխարհի չեմպիոն»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում The Footy Section-ը։
Հիշեցնենք, որ Բուֆոնը կարիերան ավարտել է 2023 թվականին, իսկ Կասիլյասը՝ 2020-ին։



























































