UFC-ի նախագահ Դանա Ուայթը հասկացրել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը մտադիր չէ միջամտել պրոմոուշենի լավագույն թեթևքաշայիններից մեկի՝ Արման Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայ մարտիկը ըմբշամարտի «RAF 6» մրցաշարում գոտեմարտի ավարտից հետո բռունցքներով հարվածել էր մրցակցին։ Սկանդալի կենտրոնում այն գոտեմարտն էր, որում Ծառուկյանը 5-3 հաշվով առավելության էր հասել ամերիկացի Ջորջիո Պուլասի նկատմամբ։ Սուլիչից անմիջապես հետո Արմանը հարվածել էր իրեն պարբերաբար սադրող ամերիկացուն, ինչի պատճառով մրցագորգին զանգվածային քաշքշուկ էր սկսվել։
Սակայն UFC-ում այս միջադեպին կարևորություն չեն տալիս։ Լաս Վեգասում UFC 326-ի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ուայթը եղել է չափազանց հակիրճ և կոշտ.
«Թքած ունեմ այդ ամենի վրա։ Դա ուրիշի խնդիրն է, ոչ թե իմը»,- հայտարարել է Ուայթը։
Ավելի վաղ «RAF» լիգայի նախագահ Չադ Բրոնշտեյնը նշել էր, որ Ծառուկյանին որակազրկելու հիմքեր չի տեսնում։ Այսպիսով, միջադեպը որևէ հետևանք չի ունենա ո՛չ ըմբշամարտի մրցաշարի կազմակերպիչների, ո՛չ էլ հենց UFC-ի կողմից։



























































