Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի 2024/25 թթ. խաղարկության անցկացման մանրամասները:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, տիտղոսի համար պայքարում միմյանց կբախվեն Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն ու գավաթակիր «Նոան» և առաջնության փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան»։
Սպասված հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Արդեն կայացել է նաև վիճակահանությունը, որի արդյունքներով եզրափակիչ խաղում դաշտի անվանական տիրոջ կարգավիճակը բաժին է ընկել Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմին՝ «Նոային»։
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող սուպերգավաթակիրը հենց «Արարատ-Արմենիան» է, որը կփորձի պաշտպանել տիտղոսը երկրի չեմպիոնի դեմ բարդագույն պայքարում:


























































