Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Դիեգո Կոստան, վերհիշելով իսպանական Լա լիգայում անցկացրած տարիները, ուշագրավ դրվագներ է պատմել «Բարսելոնայի» պաշտպաններ Ժերար Պիկեի և Կառլես Պույոլի հետ դիմակայություններից։
2010-ականների առաջին կեսին Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմում փայլուն մրցելույթներով աչքի ընկած, իսկ ավելի ուշ Լոնդոնի «Չելսի» տեղափոխված ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Barca Universal-ը։
«Երբ խաղում էինք «Բարսելոնայի» դեմ, Պիկեն ու Պույոլը հաճախ էին ինձ հարվածում, սակայն դրանից հետո անմիջապես ներողություն էին խնդրում։ Ես նրանցից պահանջում էի ոչ թե ներողություն խնդրել, այլ վիրավորել ինձ։ «Բարսայի» դեմ խաղերում մենք հիմնականում ստիպված էինք պաշտպանվել. մենք գրեթե չէինք դիպչում գնդակին»,– անկեղծացել է Կոստան։
Հիշեցնենք, որ բրազիլական արմատներով 37-ամյա իսպանացի հարձակվողը 2025 թվականի սկզբից գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում՝ առայժմ մնալով առանց ակումբի։ Մադրիդյան ակումբի կազմում նա ընդհանուր առմամբ մասնակցել է 217 հանդիպման՝ դառնալով 83 գոլի հեղինակ։
























































