Շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերն այս ամռանը կհեռանա Միլանի «Ինտերից»։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել նոր պայմանագիր չառաջարկել 37-ամյա ֆուտբոլիստին։ Սպասվում է, որ շվեյցարացին թիմը կլքի ազատ գործակալի կարգավիճակով։ «Ներաձուրիներն» այժմ իրենց ուշադրությունը կենտրոնացրել են նոր՝ ավելի երիտասարդ դարպասապահ ձեռք բերելու վրա։
Հիշեցնենք, որ Զոմերը «Ինտերի» շարքերը համալրել էր 2023 թվականին՝ Մյունխենի «Բավարիայից»։ Այն ժամանակ տրանսֆերի արժեքը կազմել էր 7 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագիրն իտալական գրանդի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում փորձառու դարպասապահը բոլոր մրցաշարերում «Ինտերի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ բաց թողնելով 32 գնդակ։ Միևնույն ժամանակ, 17 խաղում նրան հաջողվել է դարպասն անառիկ պահել։ Transfermarkt պորտալը Յան Զոմերի տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո։




























































