«Բարսելոնայում» այլևս չեն հեռացնում ֆուտբոլիստներին թիմից և չեն նստեցնում պահեստայինների նստարանին ուշացումների պատճառով:
Կատալոնական ակումբի ֆուտբոլիստներ Պեդրին և Ֆերան Տորեսը El Hormiguero հումորային հաղորդման եթերում պատմել են Հանսի Ֆլիկի գլխավորությամբ թիմում տիրող կարգապահության և նոր կանոնների մասին:
Խաղացողները նշել են, որ գերմանացի մասնագետը դադարել է պահեստայինների նստարանին ուղարկել այն ֆուտբոլիստներին, ովքեր ուշանում են միջոցառումներից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նման պատիժների էին արժանացել Ռաֆինյան և Մարկուս Ռեշֆորդը, իսկ Ժյուլ Կունդեն պատժվել էր երեք անգամ:
«Ինչ վերաբերում է ճշտապահությանը, մեզ մոտ կանոնները մի փոքր փոխվել են: Եթե ուշանում ես, տուգանք ես վճարում»,- ասել է Պեդրին:
Ֆերանն էլ հավելել է, որ տուգանքները կարող են հասնել մինչև 40 հազար եվրոյի: Ֆուտբոլիստները շեշտել են, որ Ֆլիկը որպես ուշացում է դիտարկում անգամ երեք վայրկյանի ուշացումը:
«Չեմ կարող պատկերացնել, թե որքան կարժենար 20 րոպե ուշանալը»,- կատակել է Ֆերանը:
Միևնույն ժամանակ, խաղացողները նշել են, որ 61-ամյա մարզիչը չի խոչընդոտում հանդերձարանում տիրող ուրախ մթնոլորտին և խաղացողների կողմից TikTok-ի համար տեսանյութերի նկարահանումներին:



























































