Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը մոտ է կարիերան ամերիկյան ՄԼՍ-ում շարունակելուն: Ինչպես հայտնում են հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն և The Athletic պարբերականը, 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով գլխավորապես հետաքրքրված է «Օռլանդո Սիթին»:
Աղբյուրների համաձայն՝ կողմերի միջև բանակցություններն արդեն առաջադեմ փուլում են։ Ավելին, «Օռլանդոյի» սպորտային տնօրեն Ռիկարդո Մորեյրան գործարքը քննարկելու նպատակով արդեն մի քանի անգամ մեկնել է Իսպանիա:
Ամերիկյան ակումբը հույս ունի հարձակվողի հետ պայմանագիր ստորագրել մինչև մարտի 26-ը՝ ՄԼՍ-ի տրանսֆերային պատուհանի փակվելը: Տեղափոխության դեպքում Գրիզմանը կստանա հատուկ կարգավիճակ, ինչը թույլ կտա շրջանցել լիգայում գործող աշխատավարձերի առաստաղի սահմանափակումը։
Այնուամենայնիվ, կա մեկ խոչընդոտ. ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ «Ատլետիկոյից» մինչև եվրոպական ամառային տրանսֆերային պատուհանի բացվելը։ Մադրիդյան ակումբի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը, և ակումբների միջև պաշտոնական բանակցություններ դեռևս չեն վարվել։
Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գրիզմանը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ:


























































