UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոն Խամզատ Չիմաևը կիսվել է աշխարհի լավագույն լիգայի թեթև քաշային կարգի ներկայացուցիչ Արման Ծառուկյանի կարիերայի հեռանկարների մասին իր կարծիքով։
«Ինձ թվում է՝ Ծառուկյանն իր տիտղոսային մենամարտը վաղուց է վաստակել։ Բայց UFC-ում երբեմն տարօրինակ բաներ են անում, այնպես չէ՞։ Դա նրանց բիզնեսն է։ Հուսով եմ՝ նրան կտան իր հնարավորությունը։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա մարզվում և աշխատում։ Նրա շուրջը շատ տաղանդավոր տղաներ կան», – հայտարարել է Չիմաևը Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարում, որտեղ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է Դեն Հուկերին։ Հայ մարտիկի ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։
Չիմաևն իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի օգոստոսին՝ UFC 319 մրցաշարում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել Դրիկուս Դյու Պլեսիի նկատմամբ։ Նրա հաշվին կա 15 հաղթանակ և ոչ մի պարտություն։



























































