Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի որդին՝ Դիեգո Արմանդո Մարադոնա Սինագրան, խիստ քննադատության է ենթարկել Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուին՝ վերջինիս հնչեցրած վիճահարույց հայտարարության պատճառով։
Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում «Ինտերի»՝ «Յուվենտուսի» նկատմամբ տարած 3-2 հաշվով դրամատիկ հաղթանակից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Կիվուն թուրինյան ակումբի պաշտպան Պիեր Կալուլուի հեռացումը համեմատել էր հանրահայտ «Աստծո ձեռքի»՝ 1986 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Անգլիայի դարպասը Մարադոնայի հեղինակած պատմական գոլի հետ։
«Ամեն կիրակի նման բան է տեղի ունենում այն ժամանակվանից ի վեր, երբ Մարադոնան ձեռքով գոլ խփեց, և ոչ ոք նրան ոչինչ չասաց»,- նշել էր ռումինացի մասնագետը։
Այս դիտարկումն արժանացել է Մարադոնա-կրտսերի կոշտ պատասխանին։ Ինչպես փոխանցում է TyC Sports-ը, լեգենդի որդին Կիվուի արարքը որակել է որպես մանրախնդրություն։
«Ես ուշադիր լսեցի «Ինտերի» մարզչի խոսքերը․ հայրիկիս այս ամենի մեջ ներքաշելու որևէ անհրաժեշտություն չկար։ Սա վկայում է նրա և բոլոր այն մարդկանց մանրախնդրության մասին, ովքեր մինչ օրս խոսում են ձեռքով խփված այդ գոլի մասին՝ մոռանալով դրանից անմիջապես հետո հեղինակած «Դարի գոլը»»,- ասել է Մարադոնա Սինագրան։
Նա նաև խորհուրդ է տվել մարզչին ավելի հարգալից լինել․ «Անկախ ակումբային նախասիրություններից՝ նա պետք է բերանը ողողի, երբ խոսում է հորս մասին։ Եթե որպես ֆուտբոլիստ նա գոնե 1 տոկոսով լիներ այնպիսին, ինչպիսին հայրս էր, ես գուցե ընդունեի դա, բայց իրականությունն այլ է»։
Իտալիայի Ա Սերիայի 25 տուրերից հետո «Ինտերը» 61 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 7 միավորի առավելություն ունենալով մոտակա հետապնդողի՝ «Միլանի» նկատմամբ:



























































