Միլանի «Ինտերի» հարձակվող և թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը ձկնամկանի վնասվածք է ստացել, ինչի հետևանքով ստիպված կլինի խաղադաշտից բացակայել մոտ մեկ ամիս։ Այս մասին տեղեկացնում է Sky Sport-ը։
Միլանյան գրանդի մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ արգենտինացի ֆուտբոլիստի առողջական վիճակն ու ապաքինման ստույգ ժամկետները լրացուցիչ կգնահատվեն հաջորդ շաբաթ անցկացվելիք բուժզննումից հետո։
Մարտինեսը վնասվածքը ստացել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգրի համար մղվող անցումային փլեյ-օֆֆում, որտեղ «Ինտերը» արտագնա խաղում 1-3 հաշվով անակնկալ պարտություն կրեց նորվեգական «Բուդյո-Գլիմտից»։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը շարունակում է մնալ միլանյան ակումբի լավագույն ռմբարկուն: Իտալիայի Ա Սերիայի առաջնության շրջանակներում անցկացրած 25 հանդիպումներում արգենտինացին արդեն հասցրել է դառնալ 14 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։



























































