«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ժիրոնայից» կրած պարտությունը։ Կատալոնական դերբիում գործող չեմպիոնը զիջել է 1:2 հաշվով, իսկ գերմանացի մասնագետը ձախողման հիմնական պատճառ է համարել պաշտպանական գծում առկա լուրջ խնդիրները։
«Մենք շատ վատ էինք պաշտպանվում, հատկապես խաղային անցումային դրվագներում։ Սխալ դիրքավորում, մեծ քանակությամբ վրիպումներ… «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո (0-4) բոլորը վճռական էին տրամադրված և ցանկանում էին հաղթել, սակայն այս անգամ ևս մեր բախտը չբերեց։ Ինչ վերաբերում է մրցավարությանը, ապա չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ՝ բոլորն ամեն ինչ տեսան սեփական աչքերով»,- Ֆլիկի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։
Այս պարտության հետևանքով «Բարսելոնան» նահանջեց մրցաշարային աղյուսակում՝ առաջատարությունը զիջելով Մադրիդի «Ռեալին»։



























































