Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատմել է, թե որ սեյվն է համարում լավագույնն իր ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայում։
Բելգիացի դարպասապահը առանձնացրել է 2022 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլի» դեմ կատարած իր տպավորիչ սեյվը։
«Լավագույն փրկությո՞ւնը։ «Լիվերպուլի» դեմ խաղը 2022-ին, երբ հարվածում էր Մանեն։ Նա շարժվեց դեպի կենտրոն, և ես մի քայլ ձախ կատարեցի, ուստի ստիպված էի կտրուկ վերադասավորվել և մարմնիս ծանրությունը տեղափոխել աջ՝ հարվածը հետ մղելու համար։ Դա շատ բարդ էր։ Ես հազիվ հասա գնդակին և այն ուղղեցի դեպի դարպասաձողը», — Կուրտուայի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Հիշեցնենք, որ այդ եզրափակիչի գլխավոր հերոսը դարձավ հենց «արքայական» ակումբի դարպասապահը՝ հետ մղելով մրցակցի՝ դեպի դարպասը կատարած բոլոր հարվածները։ Այդ խաղում մադրիդցիները հաղթեցին 1-0 հաշվով և նվաճեցին Չեմպիոնների լիգայի գավաթը։


























































