«Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի կարողանա օգնել իր թիմին Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ առաջին խաղում։ Պատճառը ծնկի վնասվածքն է, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
«Մարկուս Ռեշֆորդը ձախ ծնկի հատվածում ցավեր ունի շաբաթ օրը «Կամպ Նոուում» «Մալյորկայի» դեմ խաղում ստացած հարվածից հետո։ Ֆուտբոլիստը բաց կթողնի հինգշաբթի կայանալիք «Ատլետիկոյի» դեմ գավաթային հանդիպումը»,– ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» 3։0 հաշվով ջախջախել էր «Մալյորկային»։ Մարկուս Ռեշֆորդը փոխարինվել էր հանդիպման 67-րդ րոպեին։
Ֆուտբոլիստի վիճակագրությունը ընթացիկ մրցաշրջանում.
- Իսպանիայի առաջնություն. 21 խաղ, 4 գոլ, 7 գոլային փոխանցում։
- Իսպանիայի գավաթ. 3 խաղ, 1 գոլ, 1 գոլային փոխանցում։
- Չեմպիոնների լիգա. 8 խաղ, 5 գոլ, 3 գոլային փոխանցում։
Հավելենք, որ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի «Բարսելոնա» – «Ատլետիկո» հանդիպումը կկայանա փետրվարի 12-ին։




























































