Գերմանական մամուլը վերլուծել է «Նյուրնբերգի» գլխավոր մարզիչ Միրոսլավ Քլոզեի կադրային որոշումները, որոնց կենտրոնում հայտնվել է Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։
Երկրորդ Բունդեսլիգայի հերթական տուրում, երբ որակազրկման պատճառով բացակայում էր հիմնական պաշտպան Ֆաբիո Գրուբերը, սպասվում էր, որ նրան կփոխարինի Մյունխենի «Բավարիայից» վարձավճարով տեղափոխված Տարեկ Բուխմանը։ Սակայն Քլոզեն անակնկալ որոշում կայացրեց՝ մեկնարկային կազմում ընդգրկելով թիմին նոր միացած Ստյոպա Մկրտչյանին։
Մամուլը նշում է, որ Բուխմանը լավ մարզավիճակում էր և սպասում էր իր շանսին, մինչդեռ Մկրտչյանը հասցրել էր ընդամենը երկու մարզում անցկացնել նոր թիմի հետ։ Այնուամենայնիվ, լեգենդար գերմանացի հարձակվողը նախապատվությունը տվել է հայ պաշտպանին՝ հիմնավորելով դա նրա միջազգային փորձով։
«Նա [Մկրտչյանը] արդեն բավականաչափ հանդիպումներ է անցկացրել որոշակի մակարդակի վրա [ազգային հավաքականի կազմում]», — իր ընտրությունը մեկնաբանել է Քլոզեն։
Թեև Մկրտչյանի նորամուտը իդեալական չստացվեց (նա մասնակից եղավ բաց թողած գոլերի դրվագներին), գերմանացի լրագրողները սա համարում են «հստակ ազդանշան»։ Փաստը, որ անգամ մարտավարական փոփոխությունների և եռյակով պաշտպանության անցնելու ժամանակ Քլոզեն խաղադաշտ դուրս չբերեց Բուխմանին, ցույց է տալիս, որ Ստյոպա Մկրտչյանն այս պահին ավելի բարձր դիրք է զբաղեցնում պաշտպանների հիերարխիայում։



























































