«Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խորհուրդ է տվել իր երիտասարդ հայրենակից Լուկա Վուշկովիչին կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում»։ 18-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները ներկայումս պատկանում են Լոնդոնի «Տոտենհեմին»։
Sky Germany-ին տված հարցազրույցում Ռակիտիչը բարձր է գնահատել պաշտպանի ներուժը.
«Այսօր ամբողջ Եվրոպան խոսում է նրա մասին։ «Բավարիան» պետք է ամեն ինչ անի նրան ձեռք բերելու համար։ Համոզված եմ, որ տղան պետք է տեղափոխվի հենց այնտեղ։ Նա ունի բոլոր տվյալները՝ դառնալու աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը»։
Փորձառու նախկին կիսապաշտպանը նաև կասկած է հայտնել, թե արդյոք լոնդոնյան ակումբը կկարողանա պահել ֆուտբոլիստին առաջիկա ամռանը.
«Ինձ շատ հետաքրքիր է՝ կհաջողվի՞ արդյոք «Տոտենհեմին» պահել նրան ամառային տրանսֆերային պատուհանից հետո։ Կարծում եմ՝ նա արդեն պատրաստ է հաջորդ քայլին՝ տեղափոխությանը գրան-ակումբ։ Իմ կարծիքով՝ Եվրոպայում այդ մակարդակի ակումբները ընդամենը չորսն են կամ հինգը»։
Ընթացիկ մրցաշրջանում Լուկա Վուշկովիչը վարձակալությամբ հանդես է գալիս գերմանական «Համբուրգում»։ Խորվաթ ֆուտբոլիստը 19 խաղում խփել է 4 գոլ։
Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։


























































