Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) կանանց մենախաղի կիսաեզրափակիչում արտառոց միջադեպ է գրանցվել աշխարհի առաջին ռակետ, բելառուս Արինա Սաբալենկայի և ուկրաինուհի Էլինա Սվիտոլինայի մենամարտի ժամանակ։ Բելառուս թենիսիստուհին հանդիպման ընթացքում մրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով։
Միջադեպը տեղի է ունեցել մեկնարկային սեթում՝ 1:2 հաշվի ժամանակ, երբ մատուցում էր Սվիտոլինան։ Հանդիպումը սպասարկող շվեդ մրցավար Լուիզա Ազեմար Էնգզելը ընդհատել է խաղարկումը և միավորը շնորհել ուկրաինուհի թենիսիստուհուն՝ որակելով Սաբալենկայի ճչոցը որպես խաղային կանոնների խախտում։
Սաբալենկան փորձել է վիճարկել որոշումը, սակայն մրցավարը անդրդվելի է մնացել։ «Դուք անբնական ձայներ եք հանում»,- հայտարարել է Էնգզելը և դրվագի տեսակրկնությունը դիտելուց հետո ուժի մեջ թողել իր վճիռը։
Չնայած մրցավարական այս միջամտությանը՝ Սաբալենկան կարողացել է հաղթանակ տանել 6:2, 6:3 հաշվով։ Էլինա Սվիտոլինային չի հաջողվել հաղթահարել աշխարհի առաջին ռակետի արգելքը և իր կարիերայում առաջին անգամ դուրս գալու «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ։
Նշենք, որ 27-ամյա Սաբալենկան չորրորդ տարին անընդմեջ նվաճել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի ուղեգիր։ Նա տիտղոսը կվիճարկի Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինայի հետ։
“This is a strong call by the umpire!” 😳
Aryna Sabalenka is called for a hindrance by the umpire for a ‘different style of grunt’ 🔊 pic.twitter.com/26qBmgp130
— TNT Sports (@tntsports) January 29, 2026




























































